ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Աշոտ Ենգոյան 
ԵՊՀ Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ, ք.գ.դ.

Եվրասիականության գաղափարը ներկայիս քաղաքական դաշտում լուրջ հարձակումների ենթարկվեց քաղաքական որոշ գործիչների կողմից: Վերջիններս լրջորեն անհանգստացած էին եվրասիականության ներգրավվածության նպատակով առաջատար դիրք գրաված նախաձեռնող երկրների լուրջ քայլերից: Չնայած դեռևս 1994թ. Ն.Նազարբաևի առաջ քաշած՝ եվրասիական տարածքում ազգերի միավորման գաղափարին՝ այդ ուղղությամբ ստույգ քայլեր ձեռնարկվեցին միայն խնդրով շահագրգռված Ռուսաստանի Դաշնության միանալուց հետո: Իրականացվող աշխատանքները հատկապես գործնական տեսք ստացան ՌԴ նախագահի պաշտոնում Վ.Պուտինի վերընտրվելուց հետո, երբ վերջինս եվրասիական ինտեգրացիան հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գերակա ուղղություն:

Այդ պահից ի վեր քաղաքական բազմաթիվ գործիչներ, հատկապես Արևմուտքում, սկսեցին ավելի հաճախ քննադատել նախկին հետխորհրդային տարածքում ներգրավվածության հիասթափեցնող գործընթացը: Ոմանք այն համեմատում էին Խորհրդային Միության վերստեղծման հետ, մյուսները բացահայտորեն մատնանշում էին եվրասիական ու եվրոպական ներգրավվածության միաժամանակյա գործընթացների անթույլատրելիությունը և այլն: Միաժամանակ, գործնական տեսք ստացան հանուն Եվրախորհրդի տնտեսական և քաղաքական շահերի եվրոպական կառույցներում Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավկովկասյան տարածաշրջանի ներգրավման աշխատանքները: Այս ամենով հանդերձ՝ քննադատներն առաջնայինը համարում են հենց «եվրասիականության» գաղափարը, որի արմատները տանում են դեպի ռուսական գաղթականություն, որն էլ թույլ է տալիս ժամանակակից ընդդիմախոսներին պնդելու «ռուսական գաղափարի» կամ, ավելին, Ռուսական կայսրության իբր թե վերածնման մասին: Հետևաբար, եվրասիական ներգրավվածության կողմնակիցների առջև այսօր ծառանում է քաղաքացիներին այդ գաղափարի ժամանակակից «հնչողության» և բովանդակության, ինչպես նաև նման ներգրավման աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական հետևանքների պարզաբանման հիմնախնդիրը:

Եվրասիականությունն էությամբ եղել է պահպանողական գաղափար և սոցիալ-քաղաքական շարժում, որը 1920-ականների սկզբին ծագել է ռուսական գաղթականության շրջանում և պահպանվել մինչև 1930-ականների վերջերը: Այն 1917-ի «ռուսական աղետին» ռուսական ազգային գիտակցության ստեղծագործական հակազդեցությունն էր: Երիտասարդ որոշ գիտնականներ (Ն.Ս. Տրուբեցկոյ, Պ.Պ. Սուվչինսկի, Պ.Ն. Սավիցկի և Գ.Վ. Ֆլորովսկի) քաղաքական վայրիվերումների հետևում նշմարեցին ռուսական մշակույթի համար կործանարար երևույթներ: Նրանք կոմունիզմը պատկերացնում էին որպես արևմտաեվրոպական մշակույթի աշխարհականացման ծնունդ, իսկ ռուսական հողում՝ արևմտականության ծայրահեղ դրսևորում: Այդ գիտնականները կոչ էին անում ընդունել Ռուսաստանի եվրոպականացման վտանգն ու պահպանել վերջինիս զարգացման ինքնօրինակությունը:

Եվրասիականության հայեցակարգն առաջին հերթին հենվում էր Ն.Յ. Դանիլևսկու գաղափարների վրա, որոնք կրկնօրինակում էին եվրասիացիները՝ ազգայինը հակադրելով «համամարդկայինին», մասնավորն ու անհատականը՝ ընդհանուրին: Եվրասիացիների աշխատանքներին զուգընթաց՝ Արևմուտքում հայտնվեց Օ.Շպենգլերի՝ իր ժամանակի համար ցնցող «Եվրոպայի մայրամուտը» (1918) գիրքը1՝ ուղղված «եվրացենտրիզմի» դեմ, որը վկայում էր ռոմանագերմանական քաղաքակրթության անկման մասին, ինչպես նաև մատնանշում էր վերջինիս մտածելակերպին բնորոշ՝ ուրիշներին սեփական կենսաոճի ու մտքերի բռնի թելադրումը:

Եվրասիացիների կարծիքով՝ շովինիզմը և աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) արմատականորեն չեն տարբերվում միմյանցից: Այսպիսով, աշխարհաքաղաքացին ժխտում է ազգային պատկանելության տարբերակումը, իսկ եվրասիական աշխարհաքաղաքացիները միշտ էլ «քաղաքակրթություն» ասելով հասկացել են ռոմանագերմանական ժողովուրդների կերտած մշակույթը: Շովինիստն, իր հերթին, կարծում է, թե աշխարհի լավագույն ժողովուրդն իր սեփական ժողովուրդն է. մյուս բոլոր ազգերը պետք է ենթարկվեն նրան և ընդունելով վերջինիս հավատը, լեզուն ու մշակույթը՝ միաձուլվեն նրան: Եվրասիացիները պնդում են, որ աշխարհում ոչ մի օրինավոր ազգ, հատկապես այն ժողովուրդը, որը ստեղծել է իր պետությունը, կամավոր չի նույնանա անգամ «կատարյալ» ազգի հետ: Եվրասիացիները փորձում են ժողովուրդներին պատնեշել «համամարդկային» արժեքի դերին հավակնող ռոմանագերմանական քաղաքակրթությունից:

Եվրասիայի ընդարձակ տարածքն զբաղեցնող ժողովուրդների ծագումնաբանական ազգակցության և մշակութահոգեբանական ընդհանրությունը եվրասիացիների կարևորագույն կանխադրույթներից է: Պատմականորեն նման միասնականության ակունքները գտնվում են մայրցամաքային հզորագույն կայսրություններում, որոնք ժամանակ առ ժամանակ միավորում էին եվրասիական ժողովուրդներին և վերջիններիս զարգացմանը տալիս յուրօրինակ ուղղություն: Պ.Սավիցկին Արևմուտքի գաղափարական ու հոգևոր տիրույթների ընդարձակման քաղաքականությանը հակադրում է Ռուսաստան-Եվրասիային՝ որպես աշխարհագրական, պատմական և հոգևոր այլ աշխարհ: Ըստ նրա՝ Եվրասիայի բնույթն ինքնին հուշում է քաղաքական, մշակութային և տնտեսական միավորման անհրաժեշտության մասին2: Բավական է հայացք նետել աշխարհի քաղաքական քարտեզին, որպեսզի ինքնին հասկանալի լինի եվրասիական տարածքի նոր միավորման անհրաժեշտությունը: Չէ՞ որ մի կողմում դարավոր ժողովրդավարական ավանդույթներ ունեցող Եվրոպան է, մյուս կողմում՝ հիմնականում իսլամական աշխարհը, իսկ Արևելքում՝ հինդուա-բուդդիստական մշակութային տարածաշրջանը: Դրա հետ մեկտեղ, նախկին Խորհրդային Միության տարածքում նկատում ենք հոգևոր-բարոյական ու տնտեսական հարուստ ներուժ և մշակութահոգեբանական բազում գծերով կապված ժողովուրդների, որոնք տերության փլուզումից հետո որոշակի չափով հայտնվեցին գաղափարական և մշակութահոգեբանական ամայության մեջ: Եվրասիան կարծես ստեղծված է հզոր պետական միավորում կառուցելու համար, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստել և համագործակցել տարածաշրջանային բոլոր կենտրոնները:

Եվրասիականության գաղափարի կողմնակիցների կարծիքով՝ մոտավորապես նման գործընթացներ միշտ էլ տեղի են ունեցել նաև Եվրոպայում, ուր հավասարապես գոյություն են ունեցել որոշ միավորող գաղափարներ: Ժամանակ առ ժամանակ դրանք հիշեցրել են իրենց մասին ոչ միայն վտանգների պահին, այլև խաղաղ ժամանակ, ինչպես նաև կառուցողական գործունեության ընթացքում, ինչը մեծապես օգնել է եվրոպական ժողովուրդներին սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում իրականացնելու լուրջ բեկումներ:

Հետևաբար, եվրասիականության գաղափարը, երևան գալու պահից սկսած, միտված է եղել պահպանելու ժողովուրդների նույնականությունն ու հերքել է թեկուզև համամարդկանին նշանակություն ունեցող, սակայն «ծեծված» ու «կաղապարային վարքագիծը», որը տարածված էր արևմտյան հասարակություններում: Սակայն խորհրդային քաղաքական համակարգի հաստատությունների ու արժեքների հզոր համակարգի ձևափոխումից ի վեր, որը մրցակցության մեջ է մտել եվրոպական նմանատիպ կառույցների հետ, եվրասիականության գաղափարը դարձավ «ոչ այժմեական»: Խորհրդային Միությունը, հետագայում նաև համաշխարհային սոցիալիստական համակարգը կարողացան միավորել եվրասիական քաղաքական տարածքի մեծ մասը և դրանով իսկ ցրել եվրասիացիների՝ արևմտամետ ապագայի վերաբերյալ երկյուղներն ու տարակույսները:

20-րդ դարի 70-80-ական թվականներին եվրասիականության գաղափարի հրատապության ազդակ դարձան Խորհրդային Միության սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամն ու վերջինիս փլուզումը: Այդ ժամանակաշրջանի ակնառու այնպիսի գիտնականներ, ինչպիսիք էին Լ.Ն. Գումիլևը, Ա.Գ. Դուգինը և այլք, եվրասիականության ըստ էության քաղաքական հայեցակարգը համալրեցին նոր բովանդակությամբ, հարստացրին նրա գիտական հիմքը: Ի տարբերություն եվրասիականության դասական գաղափարի՝ ընթացիկ գործընթացների վերաբերյալ նրանց հայեցակետերը կրեցին լուրջ փոփոխություններ՝ արտացոլելով ազատական բազմաթիվ սկզբունքներ: Դա դարձավ եվրասիականության գաղափարի կողմնակիցների յուրատեսակ անաչառ պատասխանը՝ ուղղված համաշխարհային քաղաքական միտումներին: Ավելի հաճախ էր բարձրաձայնվում իշխանական կառույցներում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների առկայության ու սոցիալական արդարության պահպանման անհրաժեշտությունը: Հնչում էր Ռուսաստանի բնակչության շահերի անտեսման քննադատությունը: Բարձրաձայնվում էր ընդհանուր առմամբ ամբողջ եվրասիական խճանկարի յուրաքանչյուր տարրի արժեքավորությունը, որը հակասում էր ինչպես եվրոպական հասարակության շրջանակներում գործող, այնպես էլ իսլամական աշխարհում տարածված միատեսակացման միտումին: Պավել Զարիֆուլինը գնահատել է «նոր եվրասիականների» գաղափարներն ու ընդգծել, որ «այն սիրո եվրասիականություն է, որը ձգտում է հասկանալ և ընդունել մյուս ժողովուրդներին»3: Հենց այս մոտեցմամբ էլ նոր հարյուրամյակի սկզբին եվրասիականության գաղափարը թեքվեց ազատականության կողմը՝ վերածվելով ազատական-պահպանողական գաղափարական համակարգի: Պահպանողական գաղափարներն ու դրույթները, սակայն, առաջվա նման մնում էին որպես նրա հիմնական սկզբունքներ:

Եվրասիականության գաղափարը սկզբունքորեն նոր բովանդակություն ձեռք բերեց արդի Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների հոդվածներում ու ելույթներում: Նրանք, իբրև իրավահավասար անկախ պետությունների միություն, ձևավորեցին եվրասիականության իրենց տարբերակի հիմնական գործնական գաղափարը, որն ուղղված էր յուրաքանչյուր մասնակից երկրի ազգային պետական շահերի և առկա ներգրավվածության ամբողջական հնարավորությունների իրականացմանը: Այս գաղափարի առաջքաշման համար հիմք ծառայեցին նախկին խորհրդային երկրների համանման բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված էին տնտեսության և հասարակության սոցիալ-քաղաքական գործընթացների արդիականացման հետ: ԱՊՀ-ն գործնականում չէր համապատասխանում ժամանակի անաչառ պահանջներին և չէր ապահովում անդամ երկրների ներգրավվածության այն մակարդակը, որը նրանց հնարավորություն կտար գտնել ժամանակակից խնդիրների լուծման առավել արդյունավետ ուղիներ: Այդ պատճառով այսօր հասունացել է նոր միջպետական միավորում ստեղծելու անհրաժեշտությունը, որը կգործի առավել հստակ և ժամանակի կողմից ստուգված փոխհարաբերության սկզբունքներով:

«20-րդ դարի 90-ականներին երկարատև սպասված անկախության ձեռքբերումից առաջացած ալիքը թույլ չէր տալիս ԱՊՀ երկրների առաջնորդների այդ սերնդին նկատել եվրասիական ինտեգրացիայի գաղափարի երկարաժամկետ ներուժը»4: Սակայն այդ նախաձեռնությունը կարող է դառնալ յուրօրինակ բեկում ԱՊՀ տարածքում իրականացվող ներգրավվածության գործընթացում: Այն աստիճանաբար կյանքի է կոչվում միջպետական մի շարք կառույցների ստեղծումով՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիր (ՀԱԿՊ), Եվրասիական տնտեսական ընկերակցություն (ԵԱՏԸ), Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի մաքսային միություն: Բարեբախտություն է, որ գոյություն ունի Եվրախորհրդի օրինակը, որի փորձը կարող է կանխարգելել բացասական բազում հետևանքներ:

Արդի եվրասիականության գլխավոր տարբերակիչ հատկանիշը լիակատար անկախ անդամների կամավոր վճռի և ընդհանուր շահերի, հավասար իրավունքների ու ճնշման ծայրահեղ բացառման վրա հիմնված ներգրավվածության կանխատեսումն է: Դա թույլ է տալիս խուսափել բոլոր կայսրություններին բնորոշ թերությունից և կերտել հարաբերությունների այնպիսի համակարգ, որը զարգացնում և հարստացնում է ներգրավված ազգերին: Ներկայում նման ներգրավվածության հիմնական անդամները ինքնավար պետություններն են: Դա ինքնին հասկանալի է, քանի որ նրանք եվրասիական քաղաքականության առավել հզոր ու ազդեցիկ սուբյեկտներն են: Յուրաքանչյուր պետություն և հասարակություն պետք է ինքնուրույն հանգի այն մտքին, որ գլոբալացվող աշխարհում իմաստ չունի անվերջ «վայելել» սեփական ինքնօրինակությունն ու շրջափակվել սեփական հասարակության սահմաններով:

Եվրասիական ներգրավվածության ժամանակակից գաղափարները միտված չեն ազգային որևէ մշակույթի, լեզվի ու սովորույթների ոտնահարմանը կամ ոչնչացմանը, ինչպես դա տեղի էր ունենում բոլոր կայսրություններում: Միավորված Եվրասիան խոստանում է տրամադրել զարգացման ավելի շատ ազատություն, քան կարող է տալ ժամանակակից ցանկացած, անգամ ամենահզոր կայսրությունը: Եթե պահպանվում ու զարգացվում են ազգային մշակույթները, բնականաբար՝ զարգացվում և պահպանվում են յուրաքանչյուր ազգին բնորոշ անկրկնելի աշխարհայացքն ու փորձը: Եվրասիական ներգրավվածությունը նպատակ չունի հակադրվել աշխարհի այլ մասերում գտնվող որևէ պետության կամ իշխանության: Ավելին, զարգացվում է այն գաղափարը, որ եվրասիական ինտեգրմանը մասնակցությունը կարող է շահավետ լինել նրանից շատ հեռու գտնվող երկրների համար: Այժմ արդեն նման շփումներ են ստեղծվում Մաքսային միության անդամ երկրների և բազում տարածաշրջանների միջև:

Չհերքելով մշակութային և քաղաքակրթական գործոնների առկայությունը՝ ժամանակակից եվրասիականությունն առաջարկում է զարգացնել ինտեգրացիան՝ ամենից առաջ հիմնվելով տնտեսական պրագմատիզմի վրա: Ներգրավվածության գործընթացի ժամանակ նախատեսվում է տնտեսական պարտադիր շահույթ ձեռք բերել յուրաքանչյուր անդամի համար, ինչպես նաև կիրառել միասնական ներուժն ի բարօրություն բոլոր անդամների: Ընդգծվում է համաշխարհային շուկայական հարաբերություններին բնորոշ ժամանակակից տնտեսական օրինաչափությունների պահպանման կարևորությունը: Ազատականացված առևտրային վարչակարգը պետք է դառնա համագործակցության տնտեսական հիմքը: Միևնույն ժամանակ, եվրասիականությունը անկյունաքարային է համարում ավանդույթը, ազգային կեցության պատմական արմատներն ու արժեքները: Այդ նպատակով նախապատվությունը տրվում է տնտեսավարման այնպիսի ձևերին, որոնք արմատավորված են եվրասիական ժողովուրդների ազգային պատմության մեջ: Ապագա Եվրասիական միության առաջնային հիմք է հայտարարվում Միասնական տնտեսական տարածքը, որը դիտվում է որպես եվրասիական ժողովուրդների միատեղ հաջող զարգացման լայնածավալ տարածք:

Ինչպես երևում է վերոհիշյալից, մենք այսօր գործ ունենք եվրասիականության հիմնավորապես ձևափոխված գաղափարի հետ, որը զինված է ազատական-ժողովրդավարական կենսակայուն գաղափարներով, որոնք հարմարեցվում են հետխորհրդային հասարակության փոխակերպվող իրականությանը: Այդ գաղափարն ուղղված է ոչ միայն համամարդկային արժեքների արմատականացմանը, այլև նպաստում է եվրասիական տարածաշրջանում բնակվող ժողովուրդների ազգային նույնականացմանը: Գաղափարական այսպիսի սկզբունքների համադրման բացակայությունը, առանց տեղական առանձնահատկությունները հաշվի առնելու արևմտյան ազատական հաստատությունների պարզ պատճենումն անցումային երկրներում արթնացրին ժողովրդական լայն զանգվածների անվստահությունն անվիճելի թվացող ազատական ճշմարտությունների հանդեպ:

Եվրասիականության ժամանակակից գաղափարն իր հիմքում խորապես ազատական է և ժողովրդավար: Սակայն նման ազատականությունը «սահմանափակվում» է պահպանողական բովանդակություն ունեցող ազգային-մշակութաբանական յուրահատկություններով ու ավանդույթներով: Տվյալ պարագայում մեր առջև ծառանում է արդի տրանզիտային հետխորհրդային հասարակության մեջ մեծ պահանջարկ վայելող պահպանողական ազատականության գաղափարախոսությունը: Վերջինս հասարակությունը դարձնում է կայուն ու կենսունակ, դրա գերակայության դեպքում ազատականությունն ու պահպանողականությունը գտնվում են հավասարակշռված վիճակում և միավորվում են՝ ձևավորելով ազատական-պահպանողական համաձայնություն, պահպանելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների զարգացման մեջ տեղ գտած փոփոխությունները, վերացնելով լարվածությունն ու հասնելով իշխանության և հասարակության կայուն զարգացման հավասարակշռության: Բացի այդ, նման մոտեցումն ամրակայում է կայուն բարոյական արժեքներն ու դրանց վրա հիմնված քաղաքական-տնտեսական հարաբերությունները, որոնք պատասխանատու են պետության ավանդական պատմական-քաղաքական ձևերի գոյության ու զարգացման համար: Վ.Վ. Պուտինի խոսքերով՝ Եվրասիական միության ստեղծումն «այն ուղին է, որը թույլ կտա նրա անդամներին արժանավոր տեղ գրավել 21-րդ դարի դժվար աշխարհում: Միայն միասին են մեր երկրներն ընդունակ համալրելու համընդհանուր աճի և քաղաքակրթության առաջընթացի առաջնորդների շարքերը, հասնելու հաջողության ու բարգավաճման»5:

1 Шпенглер О., Закат Европы: Очерки морфологии мировой истории: В 2 т., М., Айрис-пресс, 2006, 528 с.

Савицкий П., Географические и геополитические основы евразийства. Библиотека “Полка букиниста”,http://society.polbu.ru/dugin_geopolitics/ch182_iii.html.

4 Назарбаев Н.А. Евразийский Союз: от идеи к истории будущего, Известия, 25 октября 2011 года.

5 Путин В.В., Новый интеграционный проект для Евразии – будущее, которое рождается сегодня, Известия, 3 октября 2011 года.

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6965