Չորրորդ քաղաքական տեսությունը

Գլուխ 1. Չորրորդ քաղաքական տեսությունը

Ալեքսանդր Դուգին

20-րդ դարի ավարտը մոդեռնի դարաշրջանի ավարտն է

XX դարն ավարտվեց, սակայն միայն այսօր ենք հստակ գիտակցում այդ իրողությունը:

XX դարը գաղափարախոսությունների դար էր: Եթե մինչ այդ ժողովուրդների ու հասարակությունների կյանքում մեծ դեր ունեին կրոնները, տոհմականությունը, ազնվականությունն ու ազգ-պետությունները, ապա 20-րդ դարում քաղաքակա­նությունը տեղափոխվեց գաղափարների ոլորտ` նորովի վերաձևելով աշխարհի քարտեզը, էթնոսներն ու քաղաքակրթություները: Այդ քաղաքական գաղափարախոսու­թյուները, երբեմն իրենց մեջ էին ներառում առավել հին ու խորը քաղաքակրթական տարրեր, իսկ հաճախ՝ ամբողջությամբ նոր էին:

XX դարում իրենց տարածվածության և ազդեցության գագաթնակետին հասած քաղաքական գաղափարախոսությունները Նոր ժամանակների ծնունդ էին, որոնք տարբեր ձևերով էին մարմնավորում Մոդեռնի ոգին, իսկ երբեմն նույնիսկ հակադիր գնահատականներով:

Այսօր աշխարհը սրընթաց  լքում է Մոդեռնը՝ այդ պատճառով այսօր խոսում ենք «գաղափարախոսությունների ճգնաժամի» և նույնիսկ «գաղափարախոսություն­ների ավարտի» մասին1 (ՌԴ Սահմանադրությամբ գաղափարախոսություն ունենալը ուղղակիորեն արգելված է): Կարծում եմ  եկել է այս հարցով լրջորեն զբաղվելու ժամանակը:

Երեք գլխավոր գաղափարախոսությունները և նրանց ճակատագրերը XX դարում

XX դարի հիմնական գաղափարախոսություններն էին`

·       Լիբերալիզմը  (աջ և ձախ)

·       Կոմունիզմը (ներառյալ՝ մաքսիզմը, սոցիալիզմը և սոցիալ դեմոկրատիան)

·       Ֆաշիզմը (ներառյալ՝ նացիոնալ-սոցիալիզմը և երրորդ ուղու տարբեր դրսևորումները, Ֆրանկոյի նացիոնալ-սինդիկալիզմը, Պերոնի խուստիսիալիզմը, Սալազարի ռեժիմը և այլն):

Այդ գաղափարախոսությունները կենաց-մահու պայքար էին մղում միմյանց դեմ՝ դրանով իսկ կերտելով XX դարի ողբերգական ու արյունոտ քաղաքական պատմությունը:

Տրամաբանական կլիներ համարակալել այդ գաղափարախոսությունները՝ դասավորելով դրանց և՛ ըստ կարևորու­թյան, և՛ առաջացման հերթականությամբ:

Առաջին գաղափարախսությունը լիբերալիզմն է: Այն առաջինը կազմավորվեց՝ XVIII դարում, այն ստացվեց ամենահաջողակն ու ամենակայունը, քաղաքական պայքարում  հաղթեց իր բոլոր հակառակորդներին ու ապացուցեց, որ լուսավորչականության ժամանակաշրջանի միակ ժառանգը դառնալու իր հավակնությունը լիովին արդարացված էր: Այսօր ակնհայտ է, որ լիբերալիզմն էր լիովին համապատասխանում  Մոդեռնի ժամանակաշրջանին, չնայած անցյալում կոմունիզմի տեսությունը դա վիճարկում էր բավական ակտիվ, դրամատիկ և հաճախ համոզիչ կերպով:

Կոմունիզմը՝ ինչպես և սոցիալիզմը իր բոլոր տարատեսակներով, պետք է համարել Երկրորդ քաղաքական տեսությունը: Այն հայտնվեց լիբերալիզմից ուշ, որպես քննադատական արձագանք բուրժուա-կապիտալիստական համակարգին (որի գաղափարական արտահայտությունը լիբերալիզմն էր):

Եվ վերջապես ֆաշիզմը` երրորդ քաղաքական տեսությունն է: Հավակնելով Մոդեռնի ոգու սեփական մեկնաբանությանը (շատ հետազոտողներ,  մասնավորապես Հաննա Արենդտը2, տոտալիտարիզմը արդարացիորեն դասում էին Մոդեռնի քաղաքական ձևերին) ֆաշիզմը միաժամանակ օգտվում էր ավանդական հասարակության գաղափարներից ու սիմվոլներից: Երբեմն այն վերածվում էր էկլեկտիզմի, երբեմն առաջնորդում էր հեղափոխությունները՝ դրանց դիմակայելու և հասարակությունը հակառակ ուղղությամբ տանելու փոխարեն (Արթուր Մյուլլեր վան դեն Բրուկ, Դ. Մերեժկովսկի և այլն):

Ֆաշիզմն առաջացավ ամենից ուշ, սակայն անհետացավ առաջինը: Առաջին և Երկրորդ քաղաքական տեսությունների համագործակցությունը և Հիտլերի ինքնասպան աշխարհաքաղաքական սխալները այս գաղափարախոսությունը ոչնչացրեցին իր վերելքի պահին: Երրորդ քաղաքական տեսությունը մահացավ «բռնի մահով» չհասնելով իր չծերությանը և՝ ի տարբերություն ԽՍՀՄ-ի, չտեսավ իր բնական քայքայումը: Այդ պատճառով է, նրա «համաշխարհային չարի» շղարշով պարուրված արյունոտ վամպիրային ուրվականը այդքան հրապուրիչ է պոստմոդեռնի դեկադենտական ճաշակի համար և մինչ այսօր վախեցնում է մարդկությանը:

Ֆաշիզմն անհետանալով մարտահրապարակն ազատեց Առաջին և Երկրորդ քաղաքական տեսությունների պայքարի համար: Այն ընթանում էր որպես «սառը պատերազմ»` կազմավորելով գրեթե կես դար տևած «երկբևեռ աշխարհի» ռազմավարական երկրաչափությունը: 1991 թվականին Առաջին քաղաքական տեսությունը՝ լիբերալիզմը, հաղթեց Երկրորդին: Դա համաշխարհային կոմունիզմի մայրամուտն էր:

Եվ այսպես՝ XX դարի վերջում, երկրագնդով մեկ բազմամիլիոնանոց զանգվածներ հավաքելու ունակ երեք քաղաքական տեսություններից մնաց միայն մեկը` լիբերալիզմը: Սակայն, երբ այն մնաց որպես միակ գաղափարախոսություն, բոլորը միաձայն սկսեցին խոսել «գաղափարախոսությունների վերջի» մասին:

Ինչու՞:

Լիբերալիզմի ավարտը, պոստլիբերալիզմ

Լիբերալիզմի հաղթանակը համընկավ նրա մայրամուտի հետ: Սակայն դա միայն թվացյալ պարադոքս է:

Լիբերալիզմն առաջացել է որպես գաղափարախոսություն: Այն մարքսիզմի պես դոգմատիկ չէր, սակայն ուներ իր ոչ պակաս կուռ և հղկված փիլիսոփայությունը: Այն հակադրվում էր մարքսիզմին ու ֆաշիզմին` ոչ միայն նրանց դեմ կենաց մահու տեխնոլոգիական պատերազմներով, այլ ապագայի տեսլականի ձևավորման մենաշնորհի համար: Քանի դեռ գաղափարական մրցակիցները կենդանի էին, լիբերալիզմը մնում էր և ամրապնդվում որպես գաղափարախոսություն, այսինքն, որպես պատմական սուբյեկտին ներհատուկ գաղափարների, հայեցակետերի և ծրագրերի հանրագումար:

Բոլոր երեք քաղաքական տեսություններն ունեին իրենց սուբյեկտը: Կոմունիզմի տեսությունում սուբյեկտը դասակարգն էր, ֆաշիզմի դեպքում` պետությունը (Մուսսոլինի իտալական ֆաշիզմում) կամ ռասսան (Հիտլերի նացիոնալ-սոցիալիզմը): Լիբերալիզմի սուբյեկտը անհատն էր՝ ազատ ցանկացած կոլեկտիվ ինքնությունից կամ պատկանելությունից (l'appartenance):

Քանի դեռ գաղափարական պայքարն ուներ հակառակորդներ, ժողովուրդներն ու հասարկությունները՝ գոնե տեսականորեն, կարող էին ընտրել, թե ո՞ր սուբյեկտի հետ նույնականացվեն՝ դասակարգային, ռասսայական (պետական), թե՞ անհատական: Լիբերալիզմի հաղթանակը տվեց այդ հարցի վերջնական լուծումը՝ մարդկության շրջանակում նորմատիվային սուբյեկտ դարձավ անհատը:

Այստեղից էլ ծնվեց գլոբալիզացիան որպես ֆենոմեն, առաջացավ պոստինդուստրիալ հասարկության մոդելը և սկսվեց Պոստմոդեռնը: Այսուհետև առանձնացված սուբյեկտը ընտրության արդյունքն չէ, այլ պարտադրված իրականություն: Մարդն ազատվում է «պատկանելիությունից», իսկ «մարդու իրավունքների» գաղափարա­խոսությունը՝ առնվազն տեսականորեն, դառնում է պարտադիր բոլորի համար:

Այսուհետ մարդկությունը, որը կազմված է առանձին անհատներից, բնականորեն պետք է ձգտեր ունիվերսալության, այն դառնում է գլոբալ և միասնական: Այսպես էլ ծնվում է «համաշխարհային պետության» և «համաշխարհային կառավարության» նախագիծը (գլոբալիզմ):

Տեխնոլոգիական զարգացման նոր  մակարդակը հնարավորություն է տալիս անկախանալ ինդուստրիալ հասարակության դասակարգային կառուցվածքից (պոստ­ին­դուստրիալիզմ):

Ռացիոնալիզմը, գիտականությունը, պոզիտիվիզմը դիտարկվում և քննադատվում են որպես «բռնատիրական ռեպրեսիվ ռազմավարությունների թաքնված ձևեր» (մեծ նարատիվներ), զուգահեռաբար փառաբանվում է անհատի ցանկացած զսպիչ գործոններից լիակատար ազատությունը և անկախությունը, այդ թվում` բանականությունից, բարոյականությունից, ինքնությունից (սոցիալական, էթնիկական և նույնիսկ սեռային), կարգապահությունից և այլն (Պոստմոդեռն):

Այս փուլից լիբերալիզմը այլևս ոչ թե Առաջին քաղաքական տեսությունն է, այլ վերածվում է միակ պոստ-քաղաքական պրակտիկային: Գալիս է «պատմության ավարտը», քաղաքա­կանությունը փոխարինվում է տնտեսությամբ (համաշխարհային շուկայով), պետություններն ու ազգերը ներառվում են համաշխարհային գլոբալացման ձուլող կաթսա:

Հաղթանակած լիբերալիզմն անհետանում է վերածվելով Պոստլիբերալիզմի: Այն այլևս չունի քաղաքական չափողականություն, այն այլևս ազատ ընտրության առարկա չէ, այն վերածվում է յուրատեսակ «ճակատագրի» (այստեղից պոստ­ինդուստրիալ հասարկության թեզիսը` «տնտեսությունը ճակատագիր է»):

Այսպիսով XXI դարի սկիզբը համընկավ բոլոր երեք գաղափարախոսությունների ավարտի հետ: Սակայն դրանց վախճանները տարբեր են: Երրորդ քաղաքական տեսությունը ոչնչացվեց «պատանի հասակում», Երկրորդը զառամեց և մահացավ, իսկ Առաջինը վերփոխվեց պոստլիբերալիզմի՝ «գլոբալ շուկայական հասարակության»: Ամեն դեպքում այն տեսքով` որով երեք քաղաքական տեսությունները գոյություն ունեին XX դարում, նրանք  այլևս պիտանի, կենսունակ և համապատասխան չեն: Նրանք այլևս ոչինչ չեն բացատրում, չեն օգնում հասկանալ իրականությունը, չեն պատասխանում գլոբալ մարտահրավերներին:

Այստեղից էլ բխում է Չորրորդ քաղաքական տեսության անհրաժեշտությունը:

Չորրորդ քաղաքական տեսությունը որպես դիամակայում «ստատուս-քվոյին»

Չորրորդ քաղաքական տեսության գոյությունը ինքնին ենթադրվող փաստ չէ, այն կարող է ի հայտ գալ, կարող է և չգալ: Դրա առաջացման նախապայմանը անհամա­ձայնությունն է: Անհամաձայնությունը պոստլիբերալիզմի որպես համընդհանուր երևույթի հետ, անհամաձայնությունը գլոբալիզացման, Պոստմոդեռնի, «պատմության ավարտի», ստատուս-քվոյի և XXI դարի արշալույսին ընթացող հիմնական քաղաքակրթական գործընթացների իներցիոն զարգացման հետ:

Ստատուս-քվոն և ընդհանրապես իներցիան որևէ քաղաքական տեսության կարիք չունեն: Գլոբալիզացվող աշխարհը պետք է կառավարվի միայն տնտեսական օրենքներով և «մարդու իրավունքների» համընդհանուր բարոյականությամբ: Բոլոր քաղաքական որոշումները փոխարինվում են տեխնիկական լուծումներով: Տեխնիկան և տեխնոլոգիան փոխարինում են ամեն ինչին (ֆրանսիացի փիլիսոփա Ալեն դե Բենուան այս երևույթն անվանում է gouvernance): Պատմական որոշումներ ընդունող քաղաքական գործիչներին փոխարինում են մենեջերներն ու տեխնոլոգները, որոնք զբաղվում են կառավարման լոգիստիկայի օպտիմալացմամբ: Մարդկանց զանգված­ները նույնացվում են առանձնացված առարկաների զանգվածների հետ: Այդ պատճառով պոստլիբերալ իրականությունը (ավելի շուտ վիրտուալությունը, որն ավելի ու ավելի է արտամղում իրականությունը) ուղղակիորեն տանում է դեպի քաղաքականության լիակատար լուծարման:

Կգտնվեն հակադարձողներ, որոնք կասեն, որ լիբերալները «ստում են», երբ խոսում են «գաղափարախոսության ավարտի» մասին (դրա մասին էր իմ բանավեճը փիլիսոփա Ա. Զինովևի հետ), «իրականում» նրանք հավատարիմ են  իրենց գաղափարախոսությանը, պարզապես մերժում են մնացածի գոյության իրավունքը: Դա այնքան էլ ճիշտ չէ: Երբ լիբերալիզմը գաղափարական դիրքորոշումից վերածվում է սոցիալական և տեխնոլո­գիական կեցության միակ բովանդակության, դա արդեն «գաղափարախոսություն» չէ, այլ կեցության փաստ, իրերի «օբյեկտվ» կարգ, որը ոչ միայն դժվար է, այլև անհեթեթ է վիճարկել: Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում լիբերալիզմը սուբյեկտից վերածվում է օբյեկտի, ինչը հեռանկարում կհանգեցնի իրականությունը վիրտու­ալությամբ ամբողջական փոխարինմանը:

Չորրորդ քաղաքական տեսությունը ենթադրվում է որպես Պոստլիբերալիզմի այլընտրանք, սակայն ոչ թե որպես գաղափարախոսական դիրքորոշումների հակադրություն, այլ որպես մատերիային հակադրվող գաղափար, որպես իրականին հակադրվող հնարավոր, որպես գոյություն ունեցողի վրա հարձակում նախաձեռնած դեռևս գոյություն չունեցող:

Ընդ որում, Չորրորդ քաղաքական տեսությունը  չի կարող լինել ո՛չ Երկրորդ, և ո՛չ էլ Երրորդ քաղաքական տեսության շարունակությունը: Ֆաշիզմի և կոմունիզմի վերջը պատահական սխալի արդյունքներ չէին, այլ պատմության հստակ տրամաբանության արտահայտություններ: Նրանք մարտահարավեր նետեցին Մոդեռնի ոգուն (ֆաշիզմը գրեթե բացահայտ, իսկ կոմունիզմը քողարկված, տես՝ Մ. Ագուրսկու3 կամ Ս. Կարա-Մուրզայի4 կողմից խորհրդային ժամանակաշրջանի դիտարկումները որպես ավան­դական հասարակության յուրահատուկ «վախճանաբանական» տարբերակ) և պարտվեցին:

Հետևաբար, լիբերալիզմի պոստմոդեռնիստական ձևափոխումների` գլոբալիզմի և պոստմոդեռնիզմի դեմ պայքարը պետք է լինի որակապես այլ, հիմնվի նոր սկզբունքների վրա և առաջարկի նոր ռազմավարություններ:

Այնուամենայնիվ, այդ նոր՝ հնարավոր բայց չերաշխավորված, չկանխորոշված և ոչ ճակատագրական, մարդու ազատ կամքից, նրա ոգուց՝ այլ ոչ անդեմ քաղաքական գործընթացներից բխող, գաղափարախոսության ելակետը պետք է լինի Պոստմոդեռնի բուն էության մերժումը:

Ընդ որում այդ էությունը (այնպես ինչպես Մոդեռնի վերջերս հայտնաբերված ոչ ակնայտ ենթատեքստը, Մոդեռնիզմի, որն իր բովանդակության լիակատար իրականացմամբ սպառելով իր ներքին հնարավորությունները վերադարձավ իր նախկին փուլերի հեգնական կրկնությանը) լիովին նոր է, գաղափարախոսությունների պատ­մու­­թյան և գաղափարախոսական պայքարի նախկին փուլերում այն հայտնի չէր, այն ընդամենը կանխագուշակված էր ինտուիտիվ և հատվածաբար:

Չորրորդ քաղաքական տեությունը «խաչակրաց արշավանքի» նախագիծ է.

·       Պոստմոդեռնի,

·       պոստինդուստրիալ հասարակության,

·       գործնականորեն լիովին իրագործված լիբերալ նախագծի,

·       գլոբալիզմի, նրա լոգիստիկ և տեխնոլոգիական հիմքերի դեմ:

Եթե Երրորդ քաղաքական տեսությունը կապիտալիզմը քննադատում էր աջից, իսկ Երկրորդը՝ ձախից, ապա այսօր արդեն այդ քաղաքական տոպոգրաֆիան այլևս գոյություն չունի՝ Պոստլիբերալիզմի նկատմամբ հնարավոր չէ սահմանել «աջը» և «ձախը»: Գոյություն ուենի միայն երկու դիրք՝ համաձայնություն (կենտրոն) և անհամաձայնություն (ծայրամաս): Ընդ որում՝ և՛ մեկը, և՛ մյուսը գլոբալ են:

Չորրորդ քաղաքական տեսությունը մեկ ընդհանուր ծրագրում և մեկ ընդհանուր պոռթկման մեջ խտացումն է այն ամենի ինչ արտամղվել է, մերժվել է, ստորացվել է «խրախճանքների հասարակության» (Պոստմոդեռնի) կայացմանը զուգընթաց: «… այն քարն՝ որ շինողներն անարգեցին՝ նա եղաւ անկիւնի գլուխ:» (Ավետարան Մարկոսի, Գլուխ ԺԲ, 10): Փիլիսոփա Ալեքսանդր Սեկացկին արդարացիորեն նշում է մարգինալի կարևորությունը նոր փիլիսոփայական էոնի կառուցման համար, այլաբանորեն առաջարկելով «աղբակույտի մետաֆիզիկա» արտահայտությունը:

Ճակատամարտ Պոստմոդեռնի համար

Չորրորդ քաղաքական տեսության հակառակորդը նորովի վերածնված հին թշնամին է: Այնպես, ինչպես և Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսությունները, Չորրորդ տեսությունը մերժում է լիբերալիզմը՝ սակայն այդ մերժումը տեղի ունի լիբերալիզմի նոր դրսևորման նկատմամբ: Նոր իրավիճակի սկզբունքային տարբերությունն այն է, որ լիբերալիզմը քաղաքական երեք մեծ տեսություններից միակն էր, որը պահպանեց Մոդեռնի ոգու ժառանգորդը լինելու իրավունքը և իրավունք ստացավ իր աշխարհընկալմանը հարիր ձևավորելու «պատմության ավարտը»:

Տեսականորեն «պատմության ավարտը» կարող էր և այլ լինել՝ «համաշխարհաին ռայխը» (եթե հաղթեին նացիստները), կամ «համաշխարհային կոմմունիզմը» (եթե պարզվեր, որ ճիշտ են կոմունիստները): Սակայն պատմությունն ունեցավ լիբերալ ավարտ (ինչի մասին, ի դեպ, առաջինը կռահել է փիլիսոփա Ա. Կոժեևը5, և հետո միայն այդ գաղափարներն վերարտադրեց Ֆ. Ֆուկույաման6): Սակայն, այդ դեպքում Մոդեռնին և նրա նախադրյալներին բոլոր հղումները, ինչն այս կամ այն չափով կիրառում էին Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսությունները, կորցնում են իրենց համապատաս­խանությունը: Նրանք տանուլ են տվել հանուն Մոդեռնի ճակատամարտը (հաղթել է լիբերալիզմը): Հետևաբար Մոդեռնի (ինչպես և մոդեռնիզացման) թեման արդեն օրակարգային չէ: Սկսվել է պայքարը Պոստմոդեռնի համար:

Այս պահից է, որ Չորրորդ քաղաքական տեության առջև նոր հեռանկարներ են բացվում: Այն Պոստմոդեռնը (պոստլիբերալ Պոստմոդեռնը), որն այսօր իրականացվում է, ինքն է ժխտում Մոդեռնի տրամաբանությունը, քանի որ, երբ նպատակն իրագործված է, ապա դրան հասնելու փուլերը կորցնում են իրենց նշանակությունը: Գաղափարախոսական ճնշումը մեղմանում է: Գաղափարների դիկտատուրան փոխարինվում է իրերի դիկտատուրայով, հասանելիության կոդերով (login - password) և շտրիխ կոդերով: Պոստմոդեռնիստական իրականության կտավի վրա նոր անցքեր են հայտնվում:

Ինչպես ժամանակին Երրորդ և Երկրորդ (որը ընկալվում էր որպես տրադիցիոնալիզմի վախճանաբանական տարբերակ) քաղաքական տեսություններն էին փորձում «հեծնել Մոդեռնը» լիբերալիզմի դեմ իրենց պայքարում, այսօր հնարավորություն կա նույնը փորձել Պոստմոդեռնիզմի նկատմամբ՝ օգտագործելով վերը նշված նոր “անցքերը”:

Իր գաղափարական այլընտրանքների դեմ պայքարում լիբերալիզմն անթերի  միջոցներ էր մշակել, որոնք էլ ապահովեցին նրա հաղթանակը: Սակայն այդ հաղթանակը լիբերալիզմի համար մեծագույն վտանգներ է պարունակում: Պրազապես պետք է վեր հանել համաշխարհային գլոբալ համակարգի նոր վտանգավոր կետերը, համակարգը «կոտրելու» համար անհրաժեշտ է վերծանել հասնելիության կոդերը: Առնվազն պետք է փորձել: 9/11ի իրադարձությունները Նյու Յորքում ցույց են տալիս, որ դա հնարավոր է նաև տեխնոլոգիապես: Ցանցային հասարկությունը կարող է ինչ որ բան տալ նույնիսկ իր երդվյալ հակառակորդներին: Ամեն դեպքում, նախ պետք է հասկանալ Պոսմոդեռնն ու նոր իրավիճակը նույնքան խորը, որքան Մարքսը՝ արդյունաբերական կապիտալիզմի կառուցվածքը:

Պոստմոդեռնում` ավարտվող Լուսավորչականության և սիմուլյակրների հասարակու­թյան ժամանակաշրջանում Չորրորդ քաղաքական տեսությունը պետք է գտնի իր «սև ոգեշնչումը», ընկալելով այն ոչ թե որպես ճակատագիր, այլ որպես պայքարի խթան: Այստեղից էլ կարելի է մի քանի գործնական հետևությունների կատարել Չորրորդ քաղաքական տեսության վերաբերյալ:

Անցյալի վերաիմաստավորում և նրանք՝ ովքեր պարտվեցին

Այսպիսով, եթե Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսությունները այլևս պիտանի չեն որպես լիբերալիզմին դիմակայելու ելակետեր՝ հատկապես իրենց ինքնաընկալման, կոչերի և գործունեության տեսակետից, ապա այսօր ոչինչ չի խանգարում նրանց պարտությունը վերաիմաստավորել որպես դրական երևույթ: Եթե Նոր ժամանակների պատմության տրամաբանությունը հանգեցրել է Պոստմոդեռնին, հետևաբար, Պոստմոդեռնն է եղել Նոր ժամանակաշրջանի գաղտնի էությունը, ինչը միայն Նոր ժամանակաշրջանի վերջում բացահայտվեց:

Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսություններն իրենց ընկալում էին որպես Մոդեռնի ոգու արտահայտողներ: Սակայն այդ հավակնությունները տապալվեցին: Չորրորդ քաղաքական տեսությանը համար անհետաքրքիր է այն ամենն ինչ կապված է չիրականացված հավակնությունների հետ: Սակայն նրանց պարտության փաստը պետք է դասել ոչ նրանց թերությունների, այլ ավելի շուտ նրանց արժանիքների շարքին: Եթե նրանք պարտվել են, ուրեմն ապացուցել են, որ չեն պատկանել պոստլիբերալ մատրիցան ձևավորող Մոդեռնի ոգուն: Սա՛ է նրանց արժանիքը: Ավելին՝ կարելի է պնդել, որ այս քաղաքական տեսությունները՝ գիտակցել են այդ, թե ոչ, պատկանել են Ավանդույթին, չնայած, որ չեն կատարել անհրաժեշտ հետևությունները կամ ընդհանրապես չեն ընդունել այդ փաստը:

Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսությունները պետք է  վերաիմաստավորել դեն նետելով անարժեքը և պահպանելով արժեքավորը: Ո՛չ տեսականորեն, և ոչ էլ գործ­նակա­նում նրանք արդեն պիտանի չեն որպես ավարտուն գաղափարախոսություններ, եթե ձգտում են անփոփոխ պահպանել այն ամենը ինչ ունեն, սակայն այդ գաղափարախոսությունների մի շարք մարգինալ տարրեր (հիշենք՝ «աղբակույտի մետաֆիզիկան»), որոնք մնացել են չիրականացված, ստվերում կամ ծայրամասային դիրքերում, կարող են անսպասելիորեն արժեքավորվել, լցվել իմաստով և ինտուիցիայով:

Ցանկացած դեպքում այս քաղաքական տեսությունները պետք է նորովի վերաիմաստավորվեն, սակայն այդ վերաիմաստավորումը պետք է զերծ լինի նրանց օրթոդոքսալ տարբերակների գաղափարախոսական կառուցվածքներից: Այդ տեսությունների օրթոդոքսիան դրանց ամենաանհետաքրքիր և անօգուտն պարունակությունն է: Շատ ավելի հետաքրքիր կլիներ նրանց խաչաձև ընթերցումը՝ «Մարքսի ընթերցումը պոզիտիվ աջ դիրքերից», կամ «Էվոլայի ընթերցումը՝ պոզիտիվ ձախ դիրքերից»: Սակայն նման հրապուրիչ զբաղմունքները նացիոնալ-բոլշևիզմի ոգով (Ուստրյալով և Նիկիշ) բավարար չեն, քանի որ Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսությունների մեխանիկական միավորումը ոչ մի դրական արդյունք չի տա: Միայն հետահայացքով է հնարավոր ուրվագծել այդ տեսությունների այն ընդհանուր մասը, որը  խստիվ հակադրվում էր լիբերալիզմին: Նախքան լիարժեք Չորրորդ քաղաքական տեսության մշակումը այդպիսի մեթոդաբանական վարժանքը կարող է ընդամենը օգտակար լինել:

Սակայն, Երկրորդ ու Երրորդ քաղաքական տեսությունների իսկապես լուրջ և վճռորոշ ընթերցումը հնարավոր է միայն արդեն կազմավորված Չորրորդ քաղաքական տեսության հիման վրա, որտեղ գլխավոր` սակայն բացարձակապես մեժելի օբյեկտն է հանդիսանալու Պստմոդեռնը և նրա պայմանները՝ գլոբալիզացվող աշխարհը, gouvernance (կառավարումը), շուկայական հասարկությունը, մարդու իրավունքների ունիվերսալությունը, կապիտալի իրական գերակայությունը և այլն:

Վերադարձ դեպի Ավանդույթ և աստվածաբանություն

Մոդեռնի արշալույսին ստորացվեց և տապալվեց և՛ Ավանդույթը. և նրա արժեքները (կրոն, հիերարխիա, ընտանիք): Ըստ էության այդ երեք քաղաքական տեսությունները մարդկանց կողմից ստեղված արհեստական գաղափարախոսական կառույցներ էին, որոնք տարբեր կերպով էին իմաստավորում «Աստոծո մահը» (Ֆ. Նիցշե), «Աշխարհի կախարդազերծումը» (Մ. Վեբեր) և «Սրբազանի ավարտը»: Ա՛յս էր Նոր ժամանակի նյարդը: Աստծոն փոխարինելու էր գալիս մարդը, կրոնին՝ փիլիսոփայությունն ու գիտությունը, Հայտնությանը` ռացիոնալ, կամային ու տեխնոլոգիական կառույցները:

Սակայն եթե Մոդեռնը սպառվում է Պոստմոդեռնում, ապա դրա հետ մեկտեղ ավարտվում է նաև ուղղակի «աստվածամարտությունը»: Պոստմոդեռնում մարդիկ թշնամաբար չեն տրամադրված կրոնի նկատմամբ, այլ ուղղակի անտարբեր են: Ավելին, կրոնական որոշ դրսևորումներ, որոնք որպես կանոն վերաբերվում են դժողքի ոլորտներին, բավական հրապուրիչ են: Ամեն դեպքում՝ Ավանդույթը հալածելու դարաշրջանն ավարտվել է: Սակայն, եթե իրականացվի պոստլիբերալիզմի տրամաբա­նությանը, ապա ապագայում կարող է ստեղծվել տարբեր սինկրետիկ պաշտամունքների, անզուսպ քաոտիկ էյկումենիզմի, և «հանդուրժողականության» պատառիկների վրա հիմնված որևէ նոր համաշխարհային կեղծ կրոն: Նման շրջադարձը ինչ-որ իմաստով ավելի սարսափելի է, քան անզուսպ աթեիզմն ու դոգմատիկ  մատերիալիզմը, սակայն Հավատքի նկատմամբ հալածանքի թուլացումը կարող է նոր հեռանկարներ բացել այն դեպքում, եթե Չորրորդ քաղաքական տեսության կրողները հետևողականորեն և անզիջում պաշտպանեն Ավանդույթի իդեալներն ու արժեքները:

Այն՝ ինչ Մոդեռնը հայտարարել էր օրենքից դուրս, այսօր համարձակորեն կարելի է վերածել քաղաքական ծրագրի: Եվ դա բոլորովին էլ անհեթեթ ու անհեռանկար զբաղմունք չէ, ինչպիսին էր նախկինում: Թեկուզ այն պատճառով, որ  պոստմոդեռնում ամեն ինչն է անհեթեթ ու անհեռանկար, ներառյալ՝ առավել գլամուրային դրսևորումները: Պատահական չէ, որ Պոստմոդեռնի հերոսները “ֆրիկներն” (անսովոր էքստրավագանտ հագուստով և վրդովեցուցիչ վարքով անձ) ու “այլանդակներն” են, «տրանսվեստիտներն» ու «այլասերվածները»՝ դա է ոճի օրենքը: Համաշխարհային ծաղրածուների ֆոնի վրա ոչ ոք և ոչինչ «չափազանց արխայիկ» չի թվա, նույնիսկ Նոր ժամանակների իմպերատիվներն արհամարող Ավանդույթի մարդիկ: Այս դրույթների ճշմարտացիությունն ապացուցում են ոչ միայն ֆունդամենտալ իսլամիզմի հաջողությունները, այլև ԱՄՆ-ի քաղաքակնության վրա ծայրահեղ արխայիկ, բողոքական աղանդների (դիսպենցիոնալիստներ, մորմոններ) ազդեցության վերականգնումը (հիշենք, որ Բուշը Իրաքյան պատերազմը սկսեց, որովհետև իր իսկ խոսքերով. «Աստված ասեց ինձ՝ հարվածի՛ր Իրաքին», ինչը ամբողջության համապատասխան է նրա բողոքական ուսուցիչ-մեթոդիստների ոգուն):

Այսպիսով Չորրորդ քաղաքական տեսությունն կարող է անդրադառնալ այն ամենին ինչը նախորդել է ժամանակակից իրականությանը և այնտեղից քաղել իր ոգշնչումը: Նրանց համար, ովքեր ցանկանում են այժմեական լինել, «Աստծո մահվան» ընդունումն այլևս պարտադիր իմպերատիվ չէ: Մարդիկ այնքան են հաշտվել այդ իրողության հետ, որ արդեն չեն էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքը. «Ասում եք ո՞վ, ով է մահացե՞լ»: Սակայն, Չորրորդ քաղաքական տեսության մշակողները նույնպես կարող են մոռանալ այդ «իրողությունը» և ասել. «Մենք հավատում ենք Աստծուն, և անտեսում ենք նրանց ովքեր խոսում են Նրա մահվան մասին, ճիշտ այնպես, ինչպես անտեսում ենք խելագարների ելույթները»:

Այսպե՛ս է վերադառնում աստվածաբանությունը վերածվելով Չորրորդ քաղաքական տեսության կարևոր տարրի: Իսկ երբ վերադառնում է աստվածաբանությունը, ապա Պոստմոդեռնը (գլոբալացումը, Պոստլիբերալիզմը, պոստինդուստրիալ հասարակությունը) հեշտությամբ բացահայտվում է որպես «Նեռի թագավորություն» (այլ կրոններում՝ “Դաջալը” իսլամում, “էռեվ ռավը” հուդայականությունում, “կալի յուգան” հինդուիզմում, և այլն): Արդյունքում՝ սա արդեն պարզապես զանգվածները  համախմբող այլաբանություն չէ, այլ Հայտնության վկայություն:

Առասպելն ու արխաիկան Չորրորդ քաղաքական տեսությունյում

Եթե Չորրորդ քաղաքական տեսությունում Նոր ժամանակների աթեիզմը այլևս պարտադիր չէ, ապա մոնոթեիստական կրոնական աստվածաբանությունը, որը ժամա­նակին արտամղեց պաշտամունքները, նույնպես այլևս վերջնական ճշմարտություն չէ (ավելի ճիշտ՝ կարող է լինել, կարող է և չլինել): Տեսականորեն ոչինչ չի կարող սահմանափակել հինավուրց, արխաիկ արժեքներին անդրադառնալու խորությունը, որոնք ճշգրիտ վերաիմաստավորումից հետո, լիովին կարող են իրենց տեղը զբաղեցնել գաղափարախոսական նոր կառույցներում: Ազատվելով աստվածաբանությունը մոդեռնիստական  ռացիոնալիզմին հարմարեցնելու անհրաժեշտությունից Չորրորդ քաղաքական տեսության կրողները կարող են հաշվի չառնել նաև այն աստվածաբանական և դոգմատիկ տարրերը, որոնք մոնոթեիստական հասարակություններում (հատկապես ուշ շրջաններում) ռացիոնալ կերպով ձևափոխվել են, ինչն էլ, ի միջի այլոց, Նոր ժամանակների ծրագրի փուլ առ փուլ իրականացմանը զուգընթաց Եվրոպայի  քրիստոնեական մշակույթի ավերակների վրա նախ՝ ծնեց դեիզմը, հետո՝ աթեիզմն ու մատերիալիզմը:

Պաշտպանվելու համար կարող են օգտագործվել ոչ միայն Հավատի  գեր-բանական սիմվոլները, այլև պաշտամունքների, ծեսերի և լեգենդների այն իռացիոնալ դրսևորումները, որոնք նախկինում աստվածաբանների շփոթությունն էին առաջացնում: Եթե հրաժարվում ենք առաջընթաց (պրոգրես) հասկացությունից՝ որպես Մոդեռնի (որն արդեն ավարտվել է) ոգուն համապատասխանող գաղափարից, ապա հինը արժեք և համոզիչություն է ստանում հենց այն պատճառով, որ հին է, և, որքան հին՝ այնքան լավ:

Իսկ Ամենահին արարումներից մեկը՝ դրախտն է: Դրախտ վերադարձին պետք է ձգտեն Չորրորդ քաղաքական տեսության կրողները:

Հայդեգերը և  «իրադարձությունը»

Վերջապես հարկ է ուրվագծել Չորրորդ քաղաքական տեսության ամենախորքային` գոյաբանական (օնտոլոգիական) հիմքերը: Հարկ է անդրադառնալ ոչ թե աստվածաբանություններին ու առասպելաբանություններին, այլ այն մտածողի  խորը փիլիսոփայական փորձին, ով գոյի մասին ամենահիմնարար, պարադոքսալ, խորը և ներթափանցող ուսմունքի կերտման եզակի փորձ է կատարել: Խոսքը Մարտին Հայդեգերի մասին է:

Համառոտակի՝ Հայդեգերի հայեցակարգի մասին: Փիլիսոփայական մտքի արշալույսին մարդիկ (եվրոպացիները, ավելի ճշգրիտ՝ հույները) իրենց ուշադրության կենտրոնում դիրքավորեցին գոյի հարցը: Հարցի թեմատիզացումը վտանգ է առաջացնում խճճվելու գոյի և մտածողության, մաքուր գոյության (Seyn)  և  լինելության (Seiende), մարդկային լինելիության (Dasein) և ինքնին գոյության (Sein) արտցոլումների միջև նուրբ հարաբերություններում: Այդ հարաբերությունների աղավաղումը նկատվում է արդեն Հերակլիտի ուսմունքում՝ ֆյուզիսի և լոգոսի միջև հարաբերություններում, հետո այն ավելի ակնառու է դառնում Պարմենիդի և, վերջապես, Պլատոնի մոտ՝ ով իդեաները տեղադրում է մարդու և գոյի միջև, իսկ ճշմարտությունը սահմանում որպես համապատասխանություն (գիտելիքի ռեֆերենցիալ տեսություն), այդ աղավաղումը հասնում է իր բարձրակետին:  Այստեղից էլ սկսվում է օտարումը, ինչն աստիճանաբար տանում է դեպի «հաշվող բանականությունը», իսկ հետո ՝ տեխնիկայի զարգացմանը: Աստիճանաբար մարդն իր տեսադաշտից կորցնում է մաքուր գոյությունը և անցնում է նիհիլիզմի ուղուն: Տեխնիկայի էությունն (հիմնված կյանքի նկատմամբ տեխնիկական վերաբերմունքով) արտահայտում է այդ անընդհատ կուտակվող նիհիլիզմը: Նոր ժամանակներում այդ միտումը հասնում է իր գագաթնակետին և տեխնիկական առաջընթացը (Gestell) վերջնականապես արտամղում է գոյությունը, փոխարենը կառուցելով «ոչինչի» թագավորությունը: Հայդեգերն ատում էր լիբերալիզմը` համարելով այն «հաշվարկող սկզբունքի» արտահայտություն, որն էլ ընկած է «արևմտյան նիհիլիզմի» հիմքում:

Հայդեգերը չտեսավ Պոստմոդեռնը, որն իրենից ներկայացնում է գոյության վերջնական մոռացությունը, այն «կեսգիշերը», որտեղ «ոչինչը» (նիհիլիզմը) արտահոսում է բոլոր ճեղքերից: Սակայն Հայդեգերի փիլիսոփայությունը անելանելիորեն վատատեսական չէր: Նա համարում էր, որ «ոչինչը» մաքուր գոյության հակադիր կողմն է, որն այդպիսի պարադոքսալ կերպով է մարդկությանը «հիշեցնում» իր մասին: Եվ, եթե ճիշտ վերծանենք գոյության ծավալման  տրամաբանությունը, ապա մտածող մարդկությունը կարող է փրկվել, ընդ որում՝ փրկվել ակնթարթորեն, այն պահին, երբ վտանգը կհասնի  առավելագույնի: Հայդեգգերը մեջբերում է Գելդերլինգի7 տողերը. «Փրկությունը գտնվում է այնտեղ՝ որտեղ վտանգն առավելագույնն է»:

Հայդեգգերը գոյության այդ հանկարծակի վերադարձը անվանում է հատուկ տերմինով՝ Ereignis, «իրադարձություն»: Այն տեղի է ունենում համաշխարհային կեսգիշերին՝ պատմության ամենամութ կետում: Հայդեգգերն անընդհատ տարակուսում էր՝ արդյո՞ք հասել է այդ կետը, թե՞ «դեռ ոչ»: Հավերժ «դեռ ոչ» …

Հայդեգգերի տեսությունը կարող է դառնալ Չորրորդ քաղաքական տեսության գլխավոր առանցքը, որի շուրջը կհավաքվի մնացածը` սկսած վերաիմաստավորված Երկրորդ և Երրորդ քաղաքական տեսություններից, մինչև աստվածաբանությունն ու առասպելաբանությունը:

Այսպիսով Չորրորդ քաղաքական տեսության կենտրոնում, որպես նրա ձգողականության կենտրոն գտնվում է դեպի Ereignis («իրադարձություն») ուղղված վեկտորը, որտեղ էլ կիրականանա գոյության փառահեղ վերադարձը այն պահին, երբ մարդկությունը դա վերջնականապես ու անվերադարձ մոռացած կլինի:

Չորրորդ քաղաքական տեսությունն ու Ռուսաստանը

Այսօր շատերն են կանխազգում, որ Ռուսաստանը տեղ չունի համաշխարհային գլոբալիզմի, Պոստմոդեռնի ու Պոստլիբեռալիզմի  այս «հրաշագեղ նոր աշխարհում»: Դա այդպես է ոչ միայն որովհետև «Համաշխարհային պետությունն» ու «Համաշխարհային կառավարությունը» հետզհետե լուծարում են ազգային պետությունները, այլև նաև այն պատճառով, որ ռուսական ողջ պատմությունը Արևմուտքի և արևմտյան մշակույթի հետ դիալեկտիկական վիճաբանություն է, պայքար հանուն սեփական (հաճախ ինտուիտիվ ընկալվող) ռուսական ճշմարտության, սեփական առաքելության, «պատմության ավարտի» սեփական տարբերակի, անկախ այն բանից, թե ինչպես է դա արտահայտված՝ որպես մոսկովյան ուղղափառության, Պետրոսի Մեծի աշխարհիկ կայսրություն, կամ համաշխարհային կոմունիստական հեղափոխություն: Ռուս լավագույն մտածողները, հստակ տեսնում էին, որ Արևմուտքը դեպի անդունդ է ընթանում, և այսօր տեսնելով, թե նեոլիբերալ տնտեսությունը և պոստմոդեռնիստական մշակույթը ուր են հասցրել մարդկությանը, մենք վստահաբար կարող ենք ասել, որ լիովին հիմնավորված էր այն ինտուիցիան, որը ռուս մարդուն մղում  էր դեպի այլընտրանքի որոնում:

Այսօրվա համաշխարհային տնտեսական ճգնաժամը միայն սկիզբն է՝ ամենասարսափելին դեռ առջևում է: Պոստլիբերալ գործընթացների իներցիան այնպիսին է, որ դրա ընթացքն արդեն փոխել հնարավոր չէ, Արևմուտքը փրկելու համար «ազատագրված տեխնիկան» (Օ Շպենգլեր) փնտրելու է է՛լ ավելի արդյունավետ, սակայն զուտ տեխնիկական ու տեխնոլոգիական միջոցներ: Դա կլինի Gestell-ի  հարձակման և երկրագնդի ողջ տարածքով համաշխարհային շուկայի նիհիլիստական լաքայի տարածման նոր փուլ: Ճգնաժամից՝ ճգնաժամ և ֆինանսական փուչիկից` ֆինանսական փուչիկ անցնելով (հազարավոր ամերիկացիներ դուրս են գալիս ցույցերի. «Մեզ նոր փուչիկ տվեք» կոչերով՝ անհնար է ավելի անկեղծ լինել) գլոբալ տնտեսությունն ու պոստինդուստրիալ հասարակության կառուցվածքները ավելի ու ավելի սև են դարձնում մարդկության գիշերը, այնքան սև, որ մենք հետզհետե մոռանում ենք որ դա  գիշեր է: «Իսկ ի՞նչ է լույսը…» հարցնում են մարդիկ, ովքեր երբեք այն չեն տեսել:

Պարզ է, որ Ռուսաստանը պետք է գնա այլ ճանապարհով, սեփական ճանապարհով: Այս է խնդիրը: Պոստմոդեռնի տրամաբանությունից ազատվելը «առանձին երկրում» հեշտ չէ: Խորհրդային մոդելը փլվել է: Դրանից հետո անդառնալիորեն փոխվել է ինչպես գաղափարախոսական իրավիճակը, այնպես էլ ուժերի ռազմավարական հավասարակշռությունը: Որևէ տեխնիկական միջոց կամ մոլորեցնող քայլ արդեն անբավարար են, որպեսզի Ռուսաստանը փրկվի և ունակ լինի փրկել ուրիշներին: Համաշխարհային պատմությունն ունի իր տրամաբանությունը: «Գաղափարների ավարտը» պատահական շեղում չէր, այլ նոր, հավանաբար վերջին փուլի սկիզբ:

Այս իրավիճակում Ռուսաստանի ապագան ուղղակիորեն կախված է Չորրորդ քաղաքական տեսության մշակման մեր ջանքերից: Մակերեսային ստատուս-քվոն պահպանելու լոկալ ջանքերի քննարկումներով հեռու չենք գնա՝ ընդամենը ժամանակ ենք կորցնելու: Պոստմոդեռնի մարտահրավերները շատ լուրջ են, դրանք արմատավորված են գոյության մոռացության տրամաբանությունում՝ մարդկությունը հեռացել է իր գոյության և հոգևորության ակունքներից: Այս խնդիրների լուծումը հնարավոր չէ գտնել իննովացիոն զարգացումներում կամ PR-ային սուռոգատներում: Հետևաբար, հրատապ խնդիրները (գլոբալ տնտեսական ճգնաժամ, դիմակայություն միաբևեռ աշխարհին, անկախության պահպանում և ամրապնդում, և այլն) լուծելու համար անհրաժեշտ է անդրադառնալ պատմության փիլիսոփայական արմատներին և մետաֆիզիկական ճիգ գործադրել:

Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա Չորրորդ քաղաքական տեսության մշակման գործընթացը, մի բան պարզ է՝ այն չի կարող մեկ մարդու կամ մարդկանց սահմանափակ խմբի զբաղմունք լինել: Ջանքերը պետք է լինեն հավաքական և միասնական: Այս հարցում մեզ մեծապես կարող են օգնել այլ մշակույթների և ժողովուրդների՝ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի ներկայացուցիչները, որոնք նույնքան սուր են ընկալում պահի վախճանաբանական լարվածությունը և նույնպես բուռն սաստկությամբ ելքեր են փնտրում համաշխարհային փակուղուց:

Սակայն նախապես կարելի է պնդել, որ ներկայի ստատուս-քվոն իր տեսական և գործնական չափողականություններում մերժող Չորրորդ քաղաքական տեսությունը, իր ռուսական տարբերակով ուղղված է լինելու դեպի «ռուսական Ereignis»-ը: Դեպի այն միակ և անկրկնելի «իրադարձությունը», որով ապրում էին և որին սպասում էին ռուսների բազմաթիվ սերունդներ` սկսած մեր ժողովրդի ակունքներից, մինչև վերջին ժամանակների ներկայիս գալուստը:

 

Գրականություն

1 Daniel Bell The End of Ideology, Harvard University Press, 1960

2 Арендт Х. Истоки тоталитаризма, М.: ЦентрКом, 1996.

3 Агурский М.С. Идеология национал-большевизма, М.,Алгоритм, 2003

4 Сергей Кара-Мурза. Советская цивилизация: от начала до наших дней. — М.: Алгоритм, 2008

5 Кожев, А. В. Введение в чтение Гегеля: Лекции по Феноменологии духа, читавшиеся с 1933 по 1939 г. в Высшей практической школе.  — СПб.: Наука, 2003.

6 Фукуяма Ф. Конец истории и последний человек, М., «Издательство АСТ», 2004

7 Хайдеггер, М. Разговор на проселочной дороге: Избранные статьи позднего периода творчества. — М.: Высшая школа, 1991.