Հայաստանի համար Մաքսային միության այլընտրանքն աշխարհի երեսից վերանալն է. Դուգին

Հայաստանի համար Մաքսային միության այլընտրանքն աշխարհի երեսից վերանալն է. Դուգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

- Շուրջ երեք ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում այս օրերին վերաճեց զանգվածային բախումների՝ ուժային կառույցների և հասարակության միջև: Ուկրաինական զարգացումների պատճառների մասին մեկնաբանությունները շատ տարբեր են: Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում՝ ըստ Ձեզ, և դեպի ո՞ւր են տանում Ուկրաինային ներկայիս զարգացումները:

- Ուկրաինայում գոյություն ունի երկու քաղաքակրթություն, երկու հասարակություն՝ տարբեր աշխարհաքաղաքական ուղղվածությամբ, իսկ այս հատվածների միջև սահմանն անցնում է Դնեպրով: Դնեպրի աջ ափին ապրում է այն հասարակությունը, որը ցանկանում է ինտեգրվել Եվրոպային և ատում է Ռուսաստանը, իսկ ձախ ափին՝ այն հասարակությունը, որն իրեն պատկերացնում է Ռուսաստանի հետ և մեծ կասկածանքով է վերաբերվում Արևմտյան Ուկրաինային: Այսինքն՝ երկու ժողովուրդ, երկու քաղաքակրթություն, երկու հասարակություն: Ղրիմում ապրում են պարզապես ռուսներ: Ուկրաինան՝ որպես աշխարհաքաղաքական միավորում, չի եղել, այդպիսի պետություն պատմության մեջ երբեք չի եղել, սա փլուզված ԽՍՀՄ-ի մի մասն է: Այլ պետություններ եղել են, իսկ Ուկրաինա չի եղել, Ուկրաինան նույնիսկ իր սեփական պատմությունը չունի, դա ռուսական պատմության մի մասն է, եվրոպական, լեհական պատմությունների մի մասն է: Այս բազմազգ Ուկրաինայից միատարր ազգ դարձնելու արագացված փորձերն առաջացնում են հակամարտություն, իսկ այս հակամարտությունը եղել է միշտ, որովհետև Արևմուտքը ցանկանում էր արևմտյան ինքնության, իսկ Արևելքը՝ ռուսական: Երբ Յուշչենկոն և Տիմոշենկոն պրոարևմտյան քաղաքականություն էին վարում, դա տարակուսանք էր առաջացնում արևմտյան Ուկրաինայի մոտ, որը բերեց Յանուկովիչին ընտրելուն: Հիմա Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է սկսվել, որը կավարտվի դիկտատուրայով, այլ կերպ ավարտվել չի կարող՝ կա՛մ Արևմուտքի ֆաշիստական դիկտատուրա, որի արդյունքում կլինեն զոհեր Արևելքում, կա՛մ Արևելքի դիկտատուրա, որն, իմ համոզմամբ, ավելի քիչ հավանական է: Ամեն դեպքում Ուկրաինան արդեն անցել է քաղաքացիական պատերազմի: Սա այլևս անդառնալի է, այն պետք է բաժանվի, սա է այն արյունոտ շիլան, որը կանգնեցնել հնարավոր չէ, որովհետև այլ ենթադրություններ անելու հիմքեր չկան՝ չկա գաղափարախոսություն, չկա միացյալ ազգ, չկա պետություն, ուստի մենք մուտք ենք գործում դժվարին փուլ, այնպես ինչպես Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Բոսնիայում, Հարավսլավիայում, ընկնում է այն պետությունը, որը հանդիսանում է Failed:

- Ուկրաինական մամուլը գրում է, որ այսօր Ուկրաինայի փողոցներում շատ ակտիվ են եղել ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչները, նույնիսկ փաստեր կան հրապարակված ռուսական միջամտության և սադրանքների մասին: Ինչո՞վ եք սա բացատրում:

- Ռուսական միջամտություն դեռ չկա: Այն այսօր սահմանափակված է համեստ էսթետիկ աջակցությամբ՝ ուղղված Յանուկովիչի կուրսին: Բայց ռուսական միջամտություն կլինի այն ժամանակ, երբ խաղաղ բնակչության հանդեպ ճնշումները սիստեմատիկ բնույթ սկսեն կրել: Ռուսաստանը զորքեր կմտցնի Ղրիմ, իսկ մինչ այդ Ուկրաինայում ռուսական դիպուկահարներ չկան, չկան ջոկատներ: Այն ուժերը, որոնք հակամարտություն են սադրում երկու կողմերի միջև, հիմնականում ներկայացված են ամերիկյան, իսրայելական, եվրոպական հատուկ ծառայությունների կողմից, որոնք գործում են Ուկրաինայում և որոնց ձեռնտու է հակամարտության հրահրումը: Ռուսաստանն այս իրավիճակում միայն պարտվում է: Ներքաշվելով Ուկրաինայի պատերազմում՝ ՌԴ-ն շատ կտրուկ կերպով կթուլացնի իր դիրքերը Եվրոպայում, իսկ նա չի կարող չներքաշվել, ուստի հակամարտությունը հրահրում են Արևմուտքը, մասնավորապես՝ Ամերիկան, համապատասխանաբար՝ պրոամերիկյան, պրոատլանտյան ուժերը:

- Արևմուտքին ինչո՞ւ է ձեռնտու հակամարտության հրահրումը:

- Եվրոպայում նկատվում է ամերիկյան ազդեցության անկում, իսկ Գերմանիան և ԵՄ այլ երկրներն ավելի ու ավելի են դուրս գալիս ամերիկյան վերահսկողությունից և որպես հավասարակշռման աղբյուր օգտագործում են Ռուսաստանին: Այդպիսով Ամերիկայի հեգեմոնիան ամբողջ աշխարհում թուլանում է, իսկ բազմաբևեռ գործոնների դերակատարությունը մեծանում է: Ամերիկան չունի որևէ դրական սցենար ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Սիրիայի, ո՛չ Լիբիայի համար: Նա միայն հրահրում է արյունալի իրադարձություններ նրա համար, որպեսզի մեծացնի իր հեգեմոնիայի շարունակականությունը: Ամերիկան խաղում է կարճաժամկետ հեռանկարների վրա: Հենց այդպես Ամերիկային ձեռնտու է կոնֆլիկտ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, քանի որ դա Եվրասիական աշխարհաքաղաքական տարածքի հերթական թույլ կետն է:

- Պարոն Դուգին, կա մեկ այլ տեսակետ ևս՝ որ այս բախումները հրահրում է Ռուսաստանը, որպեսզի Ուկրաինան այլ ելք չունենա, քան Ռուսաստանից օգնություն խնդրելը և ռուսական ինտեգրացիոն նախագծերին միանալը:

- Ներկայիս մեկնաբանները, որոնք խոսում են Ուկրաինայի մասին, երկու ճամբարների են բաժանվում: Մի հատվածն աշխատում է ամերիկյան հեգեմոնիայի համար, մյուս հատվածը իրավիճակը դիտարկում է այնպես, ինչպես ես: Միայն երկու տեսակետ կա: Այստեղ որևէ ճիշտ չկա:

- Ի՞նչ ապագա ունեն եվրասիական ինտեգրացիոն նախագծերն առանց Ուկրաինայի: Թե՞ հույսն Ուկրաինան է, ինչպիսին էլ որ այն լինի:

- Ես կարծում եմ, որ Ուկրաինայի մասնակցությունն ինտեգրացիոն նախագծերին, անպայման է, դա ամենակարևորն է: Ուկրաինայի համար պայքարը դա պայքար է հետխորհրդային տարածքում ռազմավարական վերահսկողության համար: Բզեժինսկին է ասում, որ առանց Ուկրաինայի Ռուսաստանը խոցելի կլինի, և իր տեսանկյունից՝ անհրաժեշտ է ամեն կերպ Ուկրաինան պոկել Ռուսաստանից: Ես կանգնած եմ նրա հակառակ դիրքորոշման վրա: Մեզ համար անհրաժեշտ է ուկրաինային մտցնել եվրասիական տարածք, դա իրականում ամենագլխավոր խնդիրն է, որը դրված է եվրասիական ինտեգրացիոն նախագծերի առջև հետխորհրդային տարածքում: Սա է պատճառը, որ Ուկրաինան այդքան կարևոր է մեզ համար, բայց ո՛չ Բզեժինսկին, ո՛չ մենք չենք կարող հավակնել ողջ Ուկրաինային, ուստի մենք մեր կողմն ենք քաշում Արևելքը և Ղրիմը, իսկ Արևմուտքն իրեն է քաշում արևմտյան կողմերը, և կսկսենք որոշել՝ կեսը նրանց, կեսը՝ մեզ: Եթե մենք ցանկանում ենք Ուկրաինայի բարօրությունը, մենք կառաջարկենք ավելի պակաս ռադիկալ սցենար՝ որ Ուկրաինան դառնա կամուրջ Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Դա մեզ համար ավելի ձեռնտու է, սակայն հակառուսական ուժերն իրենցն են պնդում: Սա մեզ համար շատ վատ սցենար է, բայց եթե մենք չենք կարողանում ապահովել կանխատեսելի, ադեկվատ Ուկրաինա, ապա Ուկրաինան կտապալվի, դա մեզ պետք չէ: Վատ է, որ այս ամենի արդյունքում մենք նման իրավիճակում ենք հայտնվել: Մենք անխուսափելիորեն ներքաշվել ենք այս կոնֆլիկտի մեջ, թեև ոչ ամբողջ մասշտաբով: Մենք չենք կարող չպայքարել Ուկրաինայի համար, մենք չենք կարող չպայքարել: Մենք կարող ենք դա հետաձգել, բայց երբ իրավիճակը կրիտիկական սահմանն անցնի, մենք կներքաշվենք:

- Պարոն Դուգին, Հայաստանում Ուկրաինային ուղենիշային են համարում: Ի՞նչ համեմատականներ կարելի է անցկացնել:

- Հայաստանը պետություն է, ազգ, այստեղ գոյություն ունեն պատմական նախադրյալներ, միատարր հասարակություն, տարբեր քաղաքական ուժեր՝ ազգայնական, արևմտամետ, ռուսամետ.. Կան տարբեր ուժեր, բայց մեկ հասարակություն է: Իսկ նմանությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որը չի կարող լուծում ունենալ ու միգուցե լավ է, որ այն ոչ մի կերպ չի հանգուցալուծվում, խնդիրը իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական իմաստով անալոգիայի վրա հիմնված իրավիճակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին. Թեև փոքր մասշտաբով, քանի որ օրինակ ԼՂ պարագայում որևէ կողմի օգտին հակամարտության կարգավորումը հակամարտության, պատերազմի և արյան է տանում, որը ձեռնտու է Ամերիկային, իսկ Ռուսաստանը դրա արդյունքում կպարտվի միայն, քանի որ Ռուսաստանը ջանում է հավասարակշռել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանն ավելի կայուն և ավելի կանխատեսելի երկիր է:

- Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Չկա՞ մտավախություն արդյոք, որ դրանց արդյունքում Հայաստանն ի վերջո չի գնա Մաքսային միություն:

- Իհարկե՝ դա վատ է, քանի որ հետխորհրդային տարածքում ցանկացած հակառուսական տրամադրություն վաղ թե ուշ  արժանանալու է Վրաստանի կամ Ուկրաինայի սցենարին: Ռուսաֆոբիան երաշխիք է ցանկացած հետխորհրդային երկրում քաղաքացիական պատերազմի համար: Իսկ այդպիսի տրամադրությունների ետևում կանգնած է ԱՄՆ-ը: Սա հուսահատ խաղ է: Ցանկացած հակառուս հայը հայ ժողովրդի թշնամին է, ոչ թե՝ ռուս ժողովրդի: Ինչ վերաբերում է ՄՄ-ին չմիանալուն, ապա Հայաստանն ունի այլընտրանք՝ կա՛մ միանալ ՄՄ-ին, կա՛մ վերանալ աշխարհի երեսից՝ ընկղմվելով արյունահեղության մեջ: Սա է այլընտրանքը, երկիրը ազատ ընտրության իրավունք ունի:

-Ինչո՞ւ արյունալի:

- Ռուսաստանը ճնշումներ չի գործադրելու, այլ Հայաստանը չունի հնարավորություններ տնտեսական իմաստով ապահովել իր ինքնուրույնությունը: Հայաստանը կախված է լինելու արտաքին աջակցությունից, իսկ դրա դեպքում այն բերելու է արյունալի հակամարտության ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, քանի որ Հայաստանը ոչ մեկի պետք չէ: Արևմուտքին այն հետաքրքիր է միայն որպես գործիք Ռուսաստանի դեմ: Իսկ հայկական տնտեսությունը արևմտայն աջակցությամբ պահելով՝ որպես այլընտրանք ինտեգրացիոն պրոյեկտների, Հայաստանն, ինչպես Սիրիան, Լիբիան, Իրաքը, վճարելու է արյան գնով: Տեսեք,թե ինչ պատահեց ձեր հարևան վրացիների հետ: Թեև նրանց դեպքում սա վերջը չէ, նրանք մտածում են՝ եթե  Հայաստանը հրաժարվի այդ նախագծերից, բարդ ժամանակներ կգան, քանի որ Հայաստանի հետաքրքրություններից է բխում պահպանել պետությունը: Բոլոր հետխորհրդային երկրների ազգային ամբողջականության բանալին Մոսկվայում է: Եթե Մոսկվան ասում է «այո», ապա Վրաստանն ամբողջական է, եթե Մոսկվան ասում է «ոչ», ապա Վրաստանը բաժանվում է, եթե Մոսկվան ասում է «այո», ապա Ուկրաինան բաժանված է, եթե ասում է «ոչ», ապա Ուկրաինան երկուսը կլինի, եթե Մոսկվան ասում է «այո», Հայաստանը մեկն է՝ ԼՂ-ի հետ միասին, իսկ եթե Մոսկվան ասում է «ոչ», այլապես կտեսնեք, թե ինչ կլինի... 

 

http://www.nck.am/am/news/5113929192360411620